Հարմար է անգլերեն իմացող ուսանողների և բարձր դասարանների աշակերտների համար:
Հիմա բազմաթիվ արբանյակներից և գետնի վրա եղած զանազան սարքավորումներից ստացած տվյալները հասանելի են դարձնում բոլոր հետաքրքրվողների համար՝ ուսումնասիրելու հեռավոր տիեզերքը՝ որպես սիրողական գիտնականներ (citizen scientist):
Օրինակ՝ չէի՞ք ուզի մոլորակ հայտնաբերել: Մեր արեգակնային համակարգից դուրս՝ մեր գալակտիկայում՝ էկզոմոլորակ:
Հավատացեք, բարդ բան չկա (համենայն դեպս՝ անելու նույն քայլերը, որոնք կարող են բերել իրական մոլորակ հայտնաբերելուն): Ընդամենը պիտի համապատասխան տեղերից (կայքերից) տվյալները քաշեք, մի քանի նոր տերմինների ու հապավումների հետ ծանոթանաք ու անցնեք վերլուծելուն, հավանաբար՝ համագործակցելով ինչ-որ մեկի հետ:
Վերլուծելու էությունն էլ բարդ չէ: Այդ հեռու մոլորակների հայտնաբերման հիմնական եղանակը իրենց աստղի խավարումներն են՝ աստղի պայծառության պարբերական անկումներ, երբ մոլորակը հայտնվում է մեր ու այդ աստղի արանքում (ճիշտ մեր արևի խավարման նման, երբ լուսինն է արանքում): Վերլուծման ենթակա տվյալներում դա երևում է նկարում պատկերված գրաֆիկում (որը աստղի պայծառությունն է) փոսերի տեսքով: Իհարկե, կան դետալներ — ինչպես և ամեն գործում — բայց էությունը դա է: Բարդ բան չէ, պարզապես սպորտային ծրագրավորում չէ — պահանջում է ժամանակ, համբերություն և հետևողականություն: Hackathon չէ, իրական կյանքի խնդիր է. կարող է մի ամբողջ տարի անընդհատ ինչ որ մոտեցումներ փորձեք:
Պարզապես՝ տվյալները մեծ են ու շատ են, ինչպես կարող եք պատկերացնել: Տվյալների վերլուծությունը հիմանականում անում են նույն Python լեզվով՝ համապատասխան գրադարաններով: Իհարկե, օգտագործում են նաև արհեստական բանականության ժամանակակից մեթոդները: Անգամ մի քիչ զարմանալի է, որ Վիկտոր Համբարձումյանի հայրենիքում, որտեղ արդեն բավականին մեծ և լուրջ ԱԲ համայնք կա, հենց այս թեմայով նախաձեռնություններ չկան (համենայն դեպս ես չեմ հանդիպել, ինչպես, օրինակ, հանդիպել եմ առողջապահական տվյալների թեմայով):
Սա շատ հետաքրքիր ոլորտ է: 2022 թվին հայտնաբերվեց 5000-րդ այդպիսի էկզոմոլորակը (մեծ մասի ցուցակը կա այստեղ), մեծ շուքով նշվեց բազմաթիվ լրատվամիջոցներում: Այն դեպքում, երբ ընդամենը 90-ականներին միակ հայտնի մոլորակները մեր արեգակնային համակարգի 9 մոլորակներն էին (Պլուտոնը այն ժամանակ մոլորակ էր համարվում):
Եթե ցանկացողներ լինեն, ինձ հետ կապվեք, առաջին քայլերում և ծրագրավորման հետ կապված խնդիրների կազմակերպման հարցերում պատրաստ եմ օգնել, եթե ցանկանաք: